Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Միայն խորհրդարանական ընտրությունների անցկացումով այսօրվա ճգնաժամը հանգուցալուծել հնարավոր չէ»

«Միայն խորհրդարանական ընտրությունների անցկացումով այսօրվա ճգնաժամը հանգուցալուծել հնարավոր չէ»
08.08.2008 | 00:00

«ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ «ԿԱՐԳԱՎՈՐԵԼՈՒ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԳՏՈՒՄԸ ՇՈՈՒ Է ԵՎ ԻՄԻՏԱՑԻԱ»
Երեկ «Իրավունք de facto» ակումբում տեղի ունեցավ ՀԺԿ քաղխորհրդի անդամ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ մամուլի ասուլիսը, որը կազմակերպված էր մեր գործընկերների համար։ «Իրավունք de facto»-ն իր հարցերն ուներ ուղղելու բանախոսին, ինչը և արեցինք ասուլիսի ավարտից հետո։
-Տիկին Խաչատրյան, ընդդիմությունը հանրահավաքում հայտարարեց մեկամսյա ընդմիջում, թեպետ մամուլն ավելի շատ ակնկալում էր պայքարի ակտիվացում։ Ինչո՞վ բացատրել այս հակասությունը։
-Ավելի ճիշտ է այն տպավորությունը, որ լինելու է ակտիվ գործընթաց, բայց դա չի նշանակում ինքնանպատակ հանրահավաքներ անցկացնել։ Ընդմիջման մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող, և մինչև հաջորդ հանրահավաքը տեղի են ունենալու բազմաթիվ գործողություններ, բողոքի ցույցեր՝ ընդդիմության հայտնի պահանջներով, կշարունակվի նստացույցը Հյուսիսային պողոտայում։
-Հայ ազգային կոնգրեսի ստեղծման մասին հայտարարվեց։ Սակայն Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահական ընտրություններում պաշտպանած կուսակցություններից քանի՞սն են այսօր միացել կոնգրեսին, և ովքե՞ր են վերապահություն հայտնել։
-Որքան ինձ հայտնի է, կոնգրեսի ստեղծման հռչակագիրը ստորագրել են առաջին նախագահի թեկնածությունը պաշտպանած բոլոր քաղաքական ուժերը, բացի «Ժառանգությունից» և ՆԺԿ-ից։ Բայց դա չի նշանակում, թե այս կուսակցությունները հատուկ վերապահություններ ունեն։ Նրանց ներկայացուցիչները միանգամայն հավանական են համարել, որ հետագայում կդիմեն այդ քայլին, և բոլոր դեպքերում պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը համաժողովրդական շարժման հետ։
Ի դեպ, իմ տպավորությամբ մամուլը և հատկապես իշխանությունները կարծես շատ մեծ նշանակություն են տալիս այդ ֆորմատային դրսևորումներին։ Քանի՞ կուսակցություն միացավ, քանի՞սը չմիացավ և այլն։ Մենք դրան ընդհանրապես նշանակություն չենք տալիս։ Առնվազն ՀԺԿ-ի մասով կարող եմ նշել, որ մենք միշտ ավելի կարևորել ենք առարկայական համագործակցությունը։ Ի վերջո, կոնգրեսի ստեղծումը ոչ թե ռազմավարական, այլ մարտավարական քայլ է՝ հետագա համագործակցության որոշակի կոնկրետ ուղենիշներ հստակեցնելու համար։ Սակայն դա համաժողովրդական շարժման ռազմավարությունը փոխելու նպատակ չի հետապնդում։ Կարելի է բազմաթիվ փաստաթղթեր ստորագրել և չկատարել դրանցում ամրագրված որևէ դրույթ, կարելի է ոչինչ չստորագրել, բայց իրական, գործնական աշխատանք տանել համատեղ նպատակների իրագործման ուղղությամբ։
-Կոնգրեսի գաղափարը ենթադրո՞ւմ է, արդյոք, միասնական կառույցների ստեղծում, միջկուսակցական շտաբների կամ այլ ձևերով։ Թե՞ յուրաքանչյուր կուսակցություն այս պահին ունեցած ռեսուրսներով շարունակելու է առանձին աշխատել՝ ընդամենը համակարգելով գործողությունները մյուսների հետ։
-Առայժմ այդպիսի հարց չի քննարկվել։ Չեմ բացառում, որ այդպիսի քննարկում կլինի, հնարավոր է և դրա անհրաժեշտությունը շարժման առաջնորդները չտեսնեն։ Որովհետև միջկուսակցական համագործակցության մեխանիզմները համաժողովրդական շարժման ներսում անցած ամիսների ընթացքում բավականաչափ հստակեցվել են։ Միասնական շտաբներ կամ գրասենյակներ սովորաբար ստեղծվում են ընտրական ժամանակահատվածում։ Երբ իշխանությունները հրաժարական կտան, և կլինեն արտահերթ ընտրություններ, այն ժամանակ էլ միասնական շտաբների ձևավորման մասին խոսակցություններն ավելի իրատեսական հիմք կունենան։
-Արտահերթ ընտրությունների առումով օրակարգում ի՞նչն է առաջնահերթ ընդդիմության համար՝ նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։
-Վերջին հանրահավաքում հիմնական շեշտադրումն այն էր, որ առաջնահերթը նախագահական արտահերթ ընտրություններն են։ Իմ անձնական կարծիքով, այդքան էլ կարևոր չէ, թե որ արտահերթ ընտրությունն ավելի վաղ կանցկացվի։ Որովհետև որևէ համապետական ընտրության անցկացումն անխուսափելիորեն հանգեցնելու է հաջորդ ընտրության անցկացմանը։
-Իսկ գուցե միայն արտահերթ խորհրդարանակա՞ն ընտրություններ լինեն։
-Ո՛չ, բացառված է։ Նույն կեղծիքների իրականացումն այլևս անհնարին է, և այս իշխանությունը չի կարող մեծամասնություն ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում։ Սա ակնհայտ է։ Հետևապես, դա անխուսափելի է դարձնելու նաև նախագահական ընտրությունների անցկացումը, քանի որ խորհրդարանական ընտրությունների դեպքում համաժողովրդական շարժումը կստանա մեծամասնություն։ Միայն խորհրդարանական ընտրությունների անցկացումով այսօրվա ճգնաժամը հանգուցալուծել հնարավոր չէ։
-Իսկ գուցե արմատական ընդդիմության կազմում գտնվող Ձեր մյուս գործընկեր կուսակցություններն ա՞յլ կարծիքի են։
-Այս պահին և մինչ այս պահը նման դրսևորումներ չեն եղել և, կարծում եմ, չեն էլ լինելու։ Համաժողովրդական շարժման պահանջները հստակ ձևակերպված են, և մինչ այժմ շարժման մեջ ընդգրկված կուսակցություններից ոչ մեկն իրեն թույլ չի տվել կատարել ինչ-որ ստվերային քայլեր՝ մյուսներին շրջանցելով։ Բոլոր որոշումները կայացվում են համատեղ, փոխհամաձայնեցված։ Ստվերային պայմանավորվածություններ ձևավորելու փորձերը կործանարար կլինեն առաջին հերթին այն քաղաքական ուժի համար, որը, գործընկերներին շրջանցելով, կփորձի դիմել այդպիսի քայլի։
-Մամուլում կան հղումներ, որ դաշինքի ներսում առկա է պայքար, այսպես ասենք, առաջնային դիրքեր զբաղեցնելու համար։ Մասնավորապես ՀՀՇ-ի գործիչներն ամեն կերպ աշխատում են երկրորդ պլան մղել մյուսներին, իսկ վերջիններս էլ, իրենց հերթին, չեն ուզում համակերպվել ավելի համեստ դերակատարության հետ։ Ձեր մեկնաբանությունը։
-Չեմ հանդիպել նման դիտարկումների: Եթե դրանք իշխանական մամուլի հորինվածքներն են, ապա հասկանալի է, թե ինչ նպատակ են հետապնդում։ Անշուշտ, իշխանությունները կցանկանային շարժման մեջ այդպիսի ներքին պայքար հրահրել, ինչն իրականում չկա։ Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի գործիչների՝ հրապարակային առումով ավելի շատ երևալուն կամ ընտրությունների ընթացքում որպես շարժման շտաբների ղեկավարներ նրանց նշանակմանը, դա բացատրություն ունի։ Նախագահական ընտրություններում շարժման թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել, և մյուս կուսակցությունների ղեկավարները եկել են համաձայնության, որ, ասենք, շտաբների պետերի նշանակումները կատարվեն իր հայեցողությամբ, բայց նաև մեր համաձայնությամբ։
Բայց դա չի նշանակում, թե մյուս կուսակցությունների և, մասնավորապես, ՀԺԿ-ի առաջնորդը կարող են հայտնվել երկրորդ պլանում։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հասարակության մեջ ունի վստահություն, հարգանք, և նրան հնարավոր չէ մղել երկրորդ պլան։ Նման ցանկություն էլ չկա, ճիշտ հակառակը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը բազմիցս շեշտել է, որ ՀԺԿ-ն շարժման առանցքային ուժերից է, միաժամանակ ընդգծել է, որ ինքն է միացել Ստեփան Դեմիրճյանին՝ ու մեր պայքարին այս իշխանությունների դեմ, որը ՀԺԿ-ն վարում է արդեն տասը տարի։
-Իշխանության նախաձեռնած բարեփոխումների գործընթացը Ձեզ չի՞ ոգևորում։
-Կարևոր չէ, որ այդ գործընթացից ոգևորված լինի ընդդիմությունը։ Կարևորը ժողովրդի ոգևորությունն է, ինչը, իհարկե, չկա։ Հասարակությունը տեսնում է, որ մեկ-երկու մանր կոռուպցիոներների պատասխանատվության ենթարկելու և կառավարման համակարգը «կարգավորելու» իշխանությունների այս ձգտումը շոու է և իմիտացիա։ Այդ քայլերը որևէ կերպ չեն անդրադառնում հասարակ քաղաքացու ամենօրյա կյանքի վրա։ Անդրադառնում են հիմնական ապրանքների և սննդամթերքների թանկացումները, որոնց գներն է՛լ ավելի կաճեն, երբ կբարձրանան գազի, էլեկտրաէներգիայի գները։ Այնպես որ, բուֆերային դերակատարությունը, որ կարծես դրվել է վարչապետ Տիգրան Սարգսյանի ուսերին, նույնպես իրողություն չի դառնում և միավորներ չի բերում իրեն։ Նա երկու տարբերակ ունի. կա՛մ ձուլվել այս իշխանության մեջ և կատարել այդ իշխանության վերին օղակում կայացվող ծրագրերն ու որոշումները, կա՛մ հետևել օմբուդսմեն Արմեն Հարությունյանի օրինակին և դառնալ իշխանության ամենաանհաջող կադրը, ինչպես վերջինիս ժամանակին բնորոշեց Քոչարյանը, հենց որ նա մի փոքր անհնազանդություն ցուցաբերեց։
-«Երրորդ ուժի» ձևավորման հավանականությունն ինչպե՞ս եք գնահատում, հիմա շատ է այդ մասին խոսվում։
-Նորամուծություն չկա այդտեղ։ 1998-ից դա ծանոթ ձեռագիր է, և այդ ժամանակից ի վեր օբյեկտիվ մամուլը բավական հստակ տարաբաժանում էր անցկացնում կեղծ և իրական ընդդիմության միջև։ Այս ընտրությունների ընթացքում ավելի քան ակնհայտ դարձավ, թե ով է իրական ընդդիմությունը։ Ո՞Ւր են հիմա ընդդիմադիր կեցվածքով հանդես եկող տարբեր քաղաքական գործիչները, ասենք, Արտաշես Գեղամյանը։ Չի երևում այդպիսի մարդ ասպարեզի վրա, ինչպես նաև ուրիշները։ Հասարակությունն այլևս շատ հստակ պատկերացում ունի, թե որ քաղաքական ուժն իրեն ինչպես է դրսևորել տարբեր իրավիճակներում։ Այսպես ասած, «երրորդ ուժ» կամ «կառուցողական ընդդիմություն» ստեղծելու գործընթացը դրված է բավական «հայտնի գործիչների» ուսերին, որոնց ժողովուրդը լավ է ճանաչում և նրանցից որևէ ակնկալիք չունի։
Զրուցեց Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5099

Մեկնաբանություններ